Ի՞նչ են ուտում թռչունները

Ի՞նչ են ուտում թռչունները

(տեղեկատվական)

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները՝ ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:

Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

 

Հարցեր և առաջադրանքներ

Փորձիր ինքդ գտնել հետաքրքիր փտեղեկություն /փաստ/ թռչունների մասին:

Մոլորակի ամենախոշոր թռչունը համարվում է ջայլամը: Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ: Բնակվում են անապատներում, սավաննաներում: Արուների փետուրները սև են, պոչն ու թևերը՝ սպիտակ: Էգերը գորշագույն են: Փետուրները փափուկ են: Կտուցը լայն է ու տափակ, աչքերը՝ խիտ թարթիչներով: Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի (միակ դեպքը թռչնաշխարհում): Կարող են վազել 50 կմ/ժ արագությամբ: Արտաբնային շրջանում հանդիպում են խմբերով (20–30, երբեմն՝ 50 թռչուն): Պոլիգամ են. բազմացման շրջանում արուն կարող է տիրել 6–9 էգի, որոնցից յուրաքանչյուրը դնում է 6–8 ձու: Թռչունների տարբեր տեսակների սնունդը տարբեր է: Ըստ կտուցի կամ ոտքերի ձևի՝ հաճախ կարելի է որոշել, թե ինչով է սնվում այս կամ այն թռչունը: Գիշատիչների կտուցը նման է հզոր կարթի, որով նրանք հեշտությամբ պատառոտում են զոհին: Ճահճային թռչունների կտուցը երկարացած է, որի օգնությամբ նրանք տնտղում են առափնյա տիղմը՝ որդեր կամ մանր խխունջներ գտնելու համար: Սագերի կտուցը տափակացած է և հարմարված կերը ջրից կամ տիղմից զատելուն: Ճնճղուկների կարճ, բայց ուժեղ կտուցը հարմարված է բույսերի սերմերով սնվելուն: Որոշ թռչունների (օրինակ՝ տառեղների) երկար ոտքերը հնարավորություն են տալիս քայլել ջրում և ձուկ որսալ: Ձկնակեր թռչունների (օրինակ՝ ձկնկուլների) ոտքերը կարճ են, բայց ունեն լողաթաղանթներ, դրա համար այդ թռչունները գերազանց լողում են, սուզվում ջրում և ձուկ որսում: