Ոսկի քաղաք

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցե՛ք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվումէ տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

Առաջանդրանքներ

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։ 

աշխարհքով մին է լինում-ուրախանալ

վեր են քաշում-վերև են բարցրացնում

անց է կենում-անցնում են

լեզու է առնում- խոսում են

ծառիցը վեր է բերում-ծառից իչացնում

վեր կբերեմ-կիջացնեմ

ճանապարհ են դնում-ճանբորդում

վեր կենում-բարձրանալ

աչքը ճպում է-աչքը թառթում է

շնչի է գալի-ուշքի գալ

կյանքն ու արևը բաշխում է ապրողներին-կյանք է տալիս

2. Հեքիաթից առանձնացրո՛ւ շեղատառերով գրված բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

զվարճասեր-զվարճամոլ

զվարճանալու-զվարճասեր

ցնծությունից-ուրախություն

ընկղմվում-սուզվել

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

ջահել-ծեր

դժբախտ-բախտավոր

քաջ-վախկոտ

արդար-անարդար

4. Հեքիաթից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել, առանց բառարանից օգտվելու։

Դժբախտ-անիծված

թագավոր-արքայազն

մեռնել-մահանալ

հրաշք-Զարմանալի

երիտասարդ-ջահել

նորից-կրկի